՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամը՛՛ 100 Հազար Դոլար Նվիրաբերեց Հայ Վիրավոր եւ Հաշմանդամ Զինվորներին
ԱՄՆում գործող ՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամի՛՛՝ Նոյեմբերի 3ին Գլենդելում կայացած հինգամյակի խնջույք-դրամահավաքի ընթացքում հանգանակված գումարից հարյուր հազար դոլար նվիրաբերվեց Երեւանում գործող ՛՛Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՛՛ին: Մեկ ու կես տարի առաջ հիմնադրված այս հաստատությունում, կարճ ժամանակում արդեն բուժվել եւ հոգեբանական աջակցություն են ստացել հազարից ավելի վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողներ, ովքեր նաեւ ներգրավվել են տարբեր ուսումնական ծրագրերում, մասնագիտություն ձեռք բերել եւ սկսել են աշխատել:
Այս մասին, ձեռնարկին ներկա չորս հարյուրից ավելի ամերիկահայերին պատմեցին
՛՛Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՛՛ի հիմնադրման գործում առանցքային ներդրում ունեցող, Երեւանի Պետական Բժշկական Համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն ու կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը: ՛՛Մենք ներկայացնում ենք մի Կենտրոն, որը ստեղծվել է համազգային ջանքերով: Ես ու Հայկուհին, հոգու պարտք էինք զգում մեր հերոսների առջեւ, եւ համախմբեցինք մարդկանց, ովքեր նեցուկ եղան մեր գաղափարին թե՛ Սփյուռքից, թե՛ Հայաստանից: Արդյունքում, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի պատմամշակութային հուշարձան հանդիսացող համալիր-շենքի հիմքի վրա ստեղծվեց կենտրոնը: Այն մի կառույց է, որտեղ ժամանակից բուժվել է Գարգեին Նժդեհը, բուժօգնություն են ստացել Հայոց ցեղասպանությունը վերապրածներ: Այսօր, Ձեզ հետ միասին ցանկանում ենք շարունակել կենտրոնի զարգացման աշխատանքները, որտեղ հարյուրավոր վիրավոր հերոսներ վերադարձել են լիարժեք կյանքի՝ կրկին սովորելով քայլել, խոսել, սովորել ու աշխատել: Եւ շատ հուզիչ է, երբ ականատես ենք լինում, երբ իրենց բաժին հասած փորձությունները հաղթահարած մեր հերոս տղաներն իրենց առաջին աշխատավարձը հանձնում են կենտրոնին՝ աջակցելով մեր զարգացման ծրագրերին: Այսօր դիմում ենք Ձեզ՝ համախմբվելու մեր աշխատանքի շուրջ եւ նպաստը բերելու ազգանվեր գործին: Կեցցե՛ հայ զինվորը, հայոց բանակը, եւ Հայաստանի Հանրապետությունը՛՛, իր խոսքում նշեց Մուրադյանը: Նա տեղեկացրեց, որ ամերիկահայ համայնքի նվիրատվությունն ուղղվելու է ուսումնական կենտրոնի, եւ ճաշարանի կառուցմանը, որից կօգտվեն Բժշկական համալսարանի ուսանողները, հիվանդանոց այցելուները, ու յուրաքանչյուր հաճախորդի գնումից առաջացած գումարի մի մաս տրվելու է վիրավորված զինվորներին եւ զոհված ազատամարտիիկների ընտանիքներին:
Ըստ Կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանի, զինհաշմանդամների ոչ պաշտոնական թիվն այսօր 9000 հազար է: ՛՛Կենտրոնը տարեկան կարող է ընդունել 1200 զինհաշմանդամ: Մեր ՛՛Մեկ Պատուհան՛՛ ծրագրի շրջանակներում, այցելում ենք գյուղեր, եւ գտնում ենք վիրավոր եւ հաշմանդամ զինվորների, եւ տեղափոխում կենտրոն բուժման: Ամեն ամիս, 10-20 զինհաշմանդամ ունենում ենք Արցախից: Զինվորներին հաշվառում ենք, եւ հերթագրում ըստ առաջնային, երկրորդային վիրավորման ծանրության եւ բուժօգնություն տրամադրում ըստ այդմ՛՛: Մինասյանը նաեւ նշեց, որ ՛՛Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը՛՛ այսօր գործում է որպես ամբողջական համալիր, որտեղ լուծվում են ոչ միայն հաշմանդամ զինվորների առողջական ու վերականգնողական, այլեւ՝ սոցիալական, կրթական, աշխատանքային եւ այլ խնդիրները: Կենտրոնի տնօրենը մեծապես կարեւորեց Ընտանիքի Օգնության Հիմնադրամի եւ Նազ Աթիկյանի՝ իրենց աջակցելու ջանքերը, նշելով, որ դրամահավաքի արդյունքում հանգանակված գումարը առիթ կդառնա նոր նախաձեռնությունը կյանքի կոչելուն:
՛՛Առաջին անգամ անցյալ տարի այցելելով կենտրոն եւ ծանոթանալով մեր վիրավոր զինվորներին, մեծ պատասխանատվություն զգացի նրանց օգնելու, որ վերադառնան լիարժեք կյանքի: Հայրենիքի պաշտպանի կողքին լինելը մեծ աջակցություն է մեր հայրենիքին, եւ այդ մտայնությամբ որոշեցինք, որ Ընտանիքի Օգնության Հիմնադրամն իր բարեգործական առաքելությունը կիրականացնի նաեւ հայ զինվորի համար՛՛, նշում է Հիմնադրամի նախագահ Նազ Աթիկյան-Բասկիջյանը: Արդյունքում, վեջին մեկ տարում, Ընտանիքի Օգնության Հիմնադրամի նվիրատվություններով, հաշմանդամ շատ զինվորների տներում սանհանգույցները վերանորոգվել եւ համապատասխանեցվել են նրանց կարիքներին, ստեղծվել են փոքր բիզնեսներ, որոնք որոշ զինվորների եկամուտի աղբյուր հանդիսանում:
Շնորհավորելով ՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամ՛՛ի հինգամյա գործունեությունը, ձեռնարկին ներկա՝ Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության նախագահին եւ խորհրդի անդամներին նվիրական աշխատանքի համար: ՛՛Հյուպատոսությունը սատարում է Ձեզ, եւ ողջունում հատկապես հայ զինվորին ուղղված այս միջոցառումը: Հայրենասիրության ամենաբարձր դրսեւորումն է, երբ հայ զինվորն իր կյանքն է դնում հայրենիքի պաշտպանության համար: Փառք ու պատիվ մեր զինվորներին, որ իրենց չխնայելով ապացուցեցին, որ աշխարհի ամենաքաջարի մարտիկներն են՛՛, նշեց Բայբուրդյանը՝ կարեւորելով հայ զինվորին համախմբված աջակցությունը:
՛՛Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՛՛ին նոր ծրագրերին աջակցելու նպատակով՝ ձեռնարկի ընթացքում անցկացվեց աճուրդ, որին ներկայացված էին ՛՛Տիեզերք՛ անվանումով գորգը, որ ՛՛Մեգերյան կարպետ՛՛ ընկերության եւ Կենտրոնի համատեղ նախաձեռնությունն էր, Ջիվան Գասպարյանի ծիրանափողն ու Սերժ Թանկյանի կիթառը, որ արվեստագետները նվիրել էին հատուկ այդ նպատակով: Աճուրդից առաջ, Արմեն Մուրադյանը տեղեկացրեց, որ գորգն էլ պատմություն ունի: ՛՛Մեր կենտրոնում բուժվող տղաները նաեւ կրթություն են ստանում՝ լեզուներ, երաժշտութուն բարձր տեխնոլոգիաներ, եւ այլ: Մեր բուժող մասնագետների պահանջով, անհրաժեշտություն առաջացավ նաեւ մատերի շարժման հետ կապված մանր աշխատանքի: Դիմեցինք պարոն Մեգերյանին՝ խնդրելով մեր տղաների համար կազմակերպել գորգագործութան դասընթացներ: Առաջարկն ընդունվեց, եւ մեր շենքում հիմնեցինք գորգագործության կենտրոն, որտեղ էլ ՛՛Տիեզերք՛՛ անվանումով գորգը գործելուն մեր զինվորներին միացան ուսանողներ, անվանի գիտնականներ, արվեստագետներ, հոգեւորականներ, ՀՀ կառավարության անդամներ, վարչապետը՝ յուրաքանչյուրն ավելացնելով իր հանգույցը: Այս համատեղ աշխատանքի հասույթը կտրամադրվի մեր նոր նախաձեռնության իրականացմանը՛՛, հայտարարեց Մուրադյանը: 30 հազար դոլարով վաճառված գորգի գումարին ավելացան նաեւ Ընտանեկան Օգնության Հիմնադրամի ձեռնարկին ներկաների նվիրատվությունները, ինչի արդյունքում հավաքված գումարից 100 հազարը տրվեց ՛՛Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն՛՛ին, մնացածն, ըստ Նազ Աթիկյան-Բասկիջյանի կտրամադրվի Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցին եւ Հայ Օգնության Միության անօթեւան ընտանիքներին աջակցելու ծրագրին:
՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամի՛՛ տոնական հանդիսությանը ներկա էին նաեւ Գլենդելի քաղաքապետն ու քաղխորհրդի, Միացյալ կրթաշրջանի անդամներ, հոգեւոորականներ, հասարակական, մշակութային գործիչներ: Հայրենիքի պաշտպաններին իրենց զորակցությունը կատարումներով հայտնեցին երգիչներ՝ Հարութ Փամբուկչյանը, Սեւակ Ամրոյանը, Ազատ Հակոբյանը, Տիգրան Ասատրյանը, Ազնիվը, Ալին Առուստամյանը, Բարեկամություն պարի համույթը, Վարդուհի Ալեքսանյանի պարային խումբը: Հյուրերը բարձր գնահատեցին ՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամի՛՛ տարբեր ծրագրերը, այդ թվում՝ ուղղված կարիքավոր ընտանիքների կյանքի, հայ զինվորի առողջության բարելավմանը, կրթության եւ երեխաների առողջապահական ոլորտին՝ Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում:
Գործունեության հինգ տարիների առիթով, Հիմնադրամի նախագահի ու խորհրդի անդամների ուղերձում մասնավորապես նշվում է. ՛՛Այս տարի լրանում է Ընտանիքի Օգնության Հիմնադրամի ստեղծման հինգ ամյակը: Օգտագործելով այս առիթը, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, ովքեր հավատալով մեր առաքելությանը՝ մասնակցել են հիմնադրամի գործունեությանը՝ շրջադարձային փոխոխություն իրականացնելով Հայաստանում եւ Միացյալ Նահանգներում բազմաթիվ մարդկանց կյանքում: Մեր աշխատանքը մշտապես եղել է բաց ու թափանցիկ, ծրագրերի իրականացումն էլ՝ հնարավոր է դարձել մեր թիմի նվիրյալ անդամների, եւ բարերարների շնորհիվ, ովքեր գիտակցելով խնդիրները՝ մշտապես մասնակից են եղել մեր ամենամյա մշակութային-ժամանցային դրամահավաք ձեռնարկներին: Համոզված ենք, որ ապագայում էլ միասին կկարողանանք առավելագույնս իրականացնել մեր նպատակները՛՛: