In November 2017 FRF held an unprecedented charity event in Los Angeles, exhibiting more than 100 Armenian national costumes of different eras in Armenian history.
Read in Armenian
Լոս Անջելեսում կայացավ հայկական տարազների աննախադեպ ցուցադրություն, որտեղ ներկայացվեցին հայոց պատմության տարբեր ժամանակաշրջանները պատկերող հարյուրից ավելի հագուստներ: Հատկանշական էր, որ հայոց թագավորների ու թագուհիների, հարսների ու աշխատավորների հագուստներով բեմ բարձրացան հայ համայնքի տարբեր ներկայացուցիչներ՝ արվեստագետներ, գործարարներ, հասարակական գործիչներ: Տերյան մշակութային Կենտրոնի ազգային տարազների շուրջ նրանց միավորել էր նաեւ հայրենիքին օգնելու բարեգործական առաքելությունը: Ընտանիքի Օգնության Հիմնադրամի (Family Rescue Fund) նախաձեռնությամբ անցկացված Տարազ նորաձեւության ցուցադրության ողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանում անապահով ընտանիքներին:
՛՛Հայաստան իմ հաճախակի այցերի ընթացքում ծանոթանում էի սոցիալական ծանր պայմաններում ապրող մարդկանց խնդիրներին: Արդյունքում, որոշեցի օգնել իմ հայրենակիցներին, եւ ստեղծվեց հիմնադրամ, որի միջոցով արդեն չորս տարի է Երեւանում եւ մարզերում տասնութ ընտանիքի նվիրել ենք վերանորոգված եւ կահավորված բնակարան: Այս ամենը հնարավոր է դառնում Լոս Անջելեսի մեր հայ նվիրատուների շնորհիվ, ովքեր ամեն տարի մասնակցում են մեր հանգանակային միջոցառմանը: Այս տարվա մեր ձեռնարկն էլ որոշեցինք անցկացնել ազգային ոգով, եւ համագործակցելու մեր առաջարկը սիրով ընդունեց Տերյան մշակութային կենտրոնը՛՛, պատմում է Ընտանիքի Օգնության Հիմնադրամի հիմնադիր Նազ Աթիկյանը: Նրա տեղեկացմամբ, հիմնադրամն օգնում է նաեւ ամերիկահայ համայնքին՝ կրթաթոշակներ տրամադրելով հայկական մի քանի վարժարաններում սովորող աշակերտներին, նաեւ՝ Լոս Անջելես Չիլդրընզ հիվանդանոցին:
Ընտանիքի Օգնության Հիմնադրամի կողմից նորաձեւության ցուցադրություն կազմակերպելու առաջարկից հետո, մեր ղեկավար Լիլիթ Մելիքյանի ղեկավարությամբ մի քանի ամիս շարունակ մանրակրկիտ աշխատանք է իրականացվել տարազները պատրաստելու ուղղությամբ, նշում է Տերյան մշակութային կենտրոնի մոդելավորող Ժաքլին Կզրթյանը: ՛՛Մեր կենտրոնը Լոս Անջելեսում ներկայանում էր առաջին անգամ, եւ ցանկանում էինք ամբողջական հավաքածու ներկայացնել: Չորս մասերից կազմված ցուցադրությունը ներառում էր տարբեր ժամանակների հայոց թագավոր թագուհիների հագուստները, ավանդական տարազ, այդ թվում՝ հայկական գոգնոցներ, զարդանախշերով գլխազարդեր, գոտիներ, երրորդ հատվածում ժամանակակից տարազն էր՝ նորաոճ զգեստներ, որոնք կրում էին հայկական գորգանախշեր, հատկապես՝ Արցախի գորգերից վերցված, եւ ցուցադրությունն ավարտվեց հարսանեկան զգեստների ցուցադրմամբ՛՛, պատմում է Ժաքլին Քզրտյանը, ով նաեւ ներկայացրեց հագուստների իր անհատական հավաքածուից նմուշներ:
Տերյան մշակութային կենտրոնը հայտնի է որպես հայկական ազգային հագուստներն ու հայկական ավանդական ասեղնագործությունը վերականգնող, հնի հիմքի վրա նոր ոճավորված հագուստներ ստեղծող կենտրոն: Կազմակերպելով վերականգնված տարազների ցուցադրություններ նաեւ Հայաստանից դուրս, Տերյան կենտրոնը ճանաչելի եւ սիրելի է դարձնում հայկական տարազը հայերին ու օտարներին: Միաժամանակ, նպաստում է, որպեսզի հայկական ազգային հագուստի տարբեր տարրեր ներառվեն ժամանակակից կենսակերպում: Կենտրոնը նաեւ կատարում է ազգային հագուստի, մանրանկարչության, գորգերի, կարպետների, ասեղնագործության բազմակողմանի ուսումնասիրություն:
Ընտանիքի Օգնության Հիմնադրամի ու Տերյան մշակութային կենտրոնի համատեղ նախաձեռնությունը բազում հաճելի պահեր պարգեւեց Նոյեմբերի 19ին Թագլյան սրահում հավաքված հյուրերին ու ցուցադրության մասնակիցներին: Ներկաներն առիթ ունեցան տարազների միջոցով նաեւ ծանոթանալու տվյալ ժամանակաշրջանի պատմությանը, կենցաղին, մշակույթին՝ չորս մասից բաղկացած ցուցադրության յուրաքանչյուր հատվածի նախաբանում ներկայացված տեսանյութից: Տարազ նորաձեւության ցուցադրության ողջ ընթացքում հնչում էր ժողովրդական երաժշտություն, կատարումներով հանդես եկան Հարութ Փամբուկչյանը, Աննա Բոյրազյանը, Գագիկ Բադալյանը, Գրիշա Ասատրյանը, Գուրգեն Գալստյանը, Արամ եւ Արման Ասատրյանները, Հայբերտ Սարյանը, Լիլուն, Անի Քրիսթին, Արմինկան, Գոռ Եփրեմյանը: