Ընտանիքի Օգնության Հիմնադրամի ԸՕՀ (Family Rescue Fund)` ՛՛Մայր եւ Դուստր՛՛ խորագրով ամենամյա տոնական ձեռնարկը բարեգործական առաքելության շուրջ համախմբել էր համայնքի շուրջ երեք հարյուր կանանց, որոնց մեծամասնությունը ներկայացել էին դուստրերի հետ միասին:
Նշվում էր նաեւ կազմակերպության հիմնադրման հինգերորդ ամյակը: ՛՛Ընտանիքի Օգնության Հիմնադրամը Հայաստանում իր առաքելությունը սկսեց անապահով ընտանիքներին աջակցություն ցուցաբերելով՝ այդ թվում բնակարաններ, այնուհետեւ մեր գործունեությունն ընլայնվեց, եւ սկսեցինք օգնել նաեւ վիրավորված զինվորներին, սահմանամերձ գյուղերի դպրոցների աշակերտներին, նաեւ՝ Միացյալ Նահանգներում մի շարք կազմակերպությունների, այդ թվում ՀՕՄին: Տարվա ընթացքում մեր դրամահավաք ձեռնարկներն էլ լավագույն առիթ են հաճելի միջավայրում համախմբելու ամերիկահայ կանանց, ովքեր իրենց նվիրատվություններով ներդրում են ունենում մեր աշխատանքներում՛՛, նշեց ԸՕՀի նախագահ Նազ Աթիկյան-Բասկիջյանը:
Ձեռնարկի հանդիսավար Լիլի Ավագյանը ներկայացրեց հինգ տարիների ընթացքում ԸՕՀի կողմից իրականացված ծրագրերը, այդ թվում՝ անօթեւան եւ կարիքավոր ընտանիքներին բնակարանների, հագուստի, սնունդի, անհրաժեշտ կենցաղային իրերի տրամադրում, բժշկական, իրավաբանական եւ հոգեբանական աջակցություն: Տեսանյութերի ու լուսանկարների միջոցով ներկայացվեցին հիմնադրամի մի քանի հոգաբարձուների այցերն ու հանդիպումները նշված ընտանիքների, Արարատի մարզում գտնվող Սիփանիկ գյուղի հիմնական դպրոցում աշակերտների հետ:
Նազ Աթիկյան-Բասկիջյանն ու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, ֆինանսական օգնություն է սկսել հատկացվել «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»ին: Հաստատությունը գործում է որպես ամբողջական վերականգնողական համալիր, որտեղ զինվորական հաշմանդամների առողջական խնդիրներից բացի լուծվում են նաեւ սոցիալական ինտեգրման, կրթության եւ աշխատանքի հարցեր: ՛՛Աջակցություն վիրավոր զինվորներին եւ զինվորական հաշմանդամներին՛՛ հասարակական կազմակերպության նախագահ Հայկուհի Մինասյանը, տեսաուղերձի միջոցով ողջունեց ներկաներին, եւ կարեւորեց ԸՕՀի աջակցությունը կենտրոնին. ՛՛ Չեք կարող պատկերացնել, թե մեր վիրավոր տղաները որքան շուտ են ապաքինվում Ձեր ուղարկած դեղորայքների եւ աջակցության շնորհիվ՛՛: Մինասյանը հակիրճ հաշվետվություն ներկայացրեց կենտրոնի կողմից իրականացված ծրագրերի մասին, որոնք թվում՝ հաշմանդամ զինվորների համար սանհանգույցների վերանորոգումը, որ հնարավոր է դարձել Նազ Աթիկյան-Բասկիջյանի նվիրատվության շնորհիվ:
Նշվեց նաեւ վիրավորված զինվորների ընտանիքներից ոմանց համար աշխատանք ստեղծելու ծրագրի մասին, ըստ որի, օրինակ, ստեղծվել է գոմ, որտեղ ընտանիքը կզբաղվի նապաստակաբուծությամբ: Հայկուհի Մինասյանը համայնքին հորդորեց, վիրավորված եւ հաշմանդամ զինվորներին, հատկապես՝ մանկահասակ երեխաների ունեցող ընտանիքներին օգնելու նպատակով դիմել ԸՕՀին:
Ընտանիքի Օգնության Հիմնադրամի միջոցառման ընթացքում հանդես եկան երգիչներ, պարային համույթներ: